Հարավային Կովկասում Չինաստանի տնտեսական դերն արագ տեմպերով մեծանում է, սակայն Պեկինը պատրաստվում է ավելի մեծ դեր ունենալ տարածաշրջանում: Այս մասին «Jamestown Foundation»-ում գրում է հայտնի վերլուծաբան Փոլ Գոբլը:
Ըստ վերլուծաբանի` նման եզրահանգման համար առնվազն երեք պատճառ կա: Առաջինը այն, որ ի տարբերություն մյուս խոշոր տերությունների, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Չինաստանը հետաքրքրություն չի ցուցաբերում Կովկասում երկրներից մեկի նկատմամբ: Հենց դա էլ Չինաստանի համար տեղ է բացում, որը նա կարող է օգտագործել:
Երկրորդը, Չինաստանը, ի տարբերություն մյուս տերությունների, պատրաստ է գործ ունենալ երկրների առաջնորդների հետ` առանց քննարկելու նրանց ներքին մեխանիզմներն ու ժողվրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ մոտեցումները: «Նրանք կենտրոնացած են բացառապես տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերի վրա, որը գնահատում են մյուսների կողմից մշտապես քննդատության ենթարկվող կառավարությունները»,-գրում է Գոբլը:
Մյուս կողմից Չինաստանը Կովկաս է բերում Թայվանի հետ աշխատելու իր բացառիկ փորձը` որպես սառեցված հակամարտությունների լուծման մեթոդ: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից Ադրբեջանի դժգոհության եւ Հարավային Օսիային ու Աբխազիային Ռուսաստանի աջակցության հարցում Վրաստանի վախի, ինչպես նաեւ ոչ կանխակալ կարծքիով արտաքին միջնորդի բացակայության համատեքստում Չինաստանը մեծ դեր կարող է խաղալ երկու հարցում էլ:
Երրորդն այն է, որ Հարավային Կովկասում, ինչպես եւ մնացած տարածաշրջաններում, Չինաստանը հանդես է գալիս բոլոր հարցերի վերաբերյալ երկարաժամկետ մոտեցումով:
Չնաստանը շահագրգռված է Կասպից ծովի ավազանի նավթով հարուստ երկրների հետ առեւտրի ընդլանմամբ, ցամաքային տրասնպորտի ստեղծմամբ, որը կկապի Ասիան ու Եվրոպան: «Դա նշանակում է, որ Չինաստանը կարգելափակի սահմանների փոփոխությունն ու իշխանությունում տեղաշարժերը, ինչով հետաքրքրված են մի քանի դերակատարներ: Ակնհայտ է, որ Չինաստանի քայլերը արժեն ուշադրության: Առավել եւս, որ Պեկինն արդեն ցույց է տվել Հարավային Կովկասի տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական խաղում նոր դերակատար լինելու իր պատրաստակամությունը»,-եզրափակում է հեղինակը:




























