ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Դայեն Ֆայնսթինը հարձակողական զենքի արգելքի մասին օրինագիծ է ներկայացրել:
Ֆայնսթինը փաստաթուղթը խոստացել էր պատրաստել 2012թ. դեկտեմբերին Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի զանգվածային սպանությունից հետո, երբ դեռահաս Ադամ Լանզան սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի, հետո ինքնասպան եղել:
Օրինագիծն արգելք է նախատեսում հարձակողական զենքի 157 տեսակների համար` ներառյալ կիսաինքնաձիգ AR-15-ը, որից կրակել էր Լանզան, հայտնում է AFP-ն: Փաստաթղթում թվարկված են նաեւ արգելքի չենթարկվող կզենքերը, որոնք 2258-ն են:
Մինչդեռ զենքի ցանկացած սահմանափակմանը դեմ են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, որոնք ԱՄՆ-ի Կոնգրեսի ներքին պալատում մեծամասնություն են կազմում: Ֆեյնսթինը հայտարարել է, որ խորհրդարանում իրեն եւ դեմոկրատներին լուրջ պայքար է սպասվում հանուն օրինագծի ընդունման, գրում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ստորագրել էր զենքի շրջանառությունը վերահսկող ԱՄՆ-ի ամենախիստ օրենքներից մեկը:
Հիշեցնենք, որ Նյութաունի ողբերգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հատուկ հանձնաժողովին հանձնարարել էր առաջարկությունների ցուցակ կազմել զենքի վերահսկման խստացման նպատակով:
ԱՄՆ-ում հարձակողական զենքի նկատմամբ արգելք գործել է 1994-2004թթ.: Վերջին տարիներին այդ արգելքը վերականգնելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:




























