Սենատորների մեծամասնությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ-ի սենատի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերիի առաջադրմանը: Լսումները կայացել են հունվարի 24-ին:
Քերին չորս ժամվա ընթացքում պատասխանել է խորհրդարանականների հարցերին: Սենատորը վստահեցրել է, որ իր գործողությունները չեն հակասի Բարաք Օբամայի աշխատակազմի քաղաքականությանը, եւ ինքը կշարունակի Հիլարի Քլինթոնի ընտրած մարտավարությունը: Սենատոր Ռոբերտ Քորկերը լսումների ավարտին հայտարարել է, որ Քերին Սենատի կողմից պաշտոնում կհաստատվի «մոտ օրերս»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Քերիի թեկնածությունն առաջարկել էր դեկտեմբերի 21-ին: Քերին արտաքին քաղաքականության ոլորտում ամենահարգված մասնագետներից է:
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղին կմնա նույնը: Քերիի դիրքորոշումն Իրանի, Աֆղանստանի եւ Սիրիայի նկատմամբ մոտ է Սպիտակ տան դիրքորոշմանը, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկահայերը ողջունել էին ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջադրումը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում Քերիին անվանել են «ամերիկահայերի վաղեմի բարեկամ»:
Քերին Սենատում միջազգային հարաբերությունների հանձնաժողովը նախագահած տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էր: Որպես արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ` նա թույլ չէր տվել Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայի դեսպան` Հայոց ցեղասպանության նկատմամբ վերջինիս դիրքորոշման պատճառով:
1990-ականների սկզբին սենատոր Քերին Սենատում Ազատության օրենքի 907-րդ փոփոխության ընդունման կողմնակից էր, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը, քանի դեռ այն չի դադարեցրել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:
Բացի այդ, Սենատից Քերիի հեռանալուց հետո նրա պաշտոնը հավանաբար կզբաղեցնի հայերի մյուս բարեկամ Ռոբերտ Մենենդեսը, որը Սենատում այս տարի ավելի վաղ ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւի հիմնական աջակիցն է (S.Res.399):




























