ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան վերացրել է մարտական գործողություններում կին զինծառայողների մասնակցության արգելքը: Այժմ կանայք հրամանատարության առաջատար եւ վերնախավային ստորաբաժանումներում հազարավոր պաշտոնների հավակնելու հնարավորություն ունեն, մամուլի ասուլիսում հայտարարել է Պանետան:
Մարտական գործողություններին կանանց մասնակցության արգելքը սահմանվել էր 1994թ.: Ներկայիս որոշմամբ այն վերացվում է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սակայն ԱՄՆ-ի հրամանատարությունն իրավունք ունի մինչեւ 2016թ. քննարկել այն հատուկ ստորաբաժանումների ցուցակը, որոնք անհասանելի կլինեն կին զինծառայողների համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այդ որոշումն անվանել է «պատմական քայլ»:
Մարտական գործողություններին կանանց մասնակցությունը թույլատրող երկրներից են Ավստրալիան, Գերմանիան, Դանիան, Իսրայելը, Կանադան, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Սերբիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Ճապոնիան: Սակայն նույնիսկ այդ երկրներում ռազմական գործողությունների որոշ տեսակներ արգելված են կանանց համար:





























