Ուկրաինայի Կիեւ քաղաքում իր պատիժը կրող ցմահ դատապարտյալ ՀՀ քաղաքացու փաստաբանը դիմել էր Մարդու իրավունքների Պաշտպանին` հայտնելով, որ իր պաշտպանյալին Կիեւ քաղաքի քննչական մեկուսարանում սպեցնազի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել:
Հայաստանի Մարդու իրավունքների Պաշտպանի գրասենյակից հայտնում են, թե փաստաբանն այս խնդրի կապակցությամբ դիմումներ էր հասցեագրել նաեւ Ուկրաինայի Օմբուդսմենին եւ համապատասխան իրավասու մարմիններին:
Քանի որ Ուկրաինայի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է երկրում «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտների` միմյանց հետ համագործակցելու եւ միմյանց աջակցելու բարի կամքի արտահայտման հանգամանքը, տվյալ գործի վերաբերյալ դիմել է Ուկրաինայի օմբուդսմեն Վալերիա Լուտկովսկայային` խնդրելով հնարավորության դեպքում տեղեկություն տրամադրել ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Ուկարինայի Օմբուդսմենն ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել է, որ ՀՀ քաղաքացուն մեկուսարանում ծեծի ենթարկելու կապակցությամբ սկսվել է վարույթ, եւ վերջնական արդյունքների մասին կտեղեկացնեն Պաշտպանին:





























