Միջազգային հարաբերությունների հանձնաժողովում լսումներից հետո Կալիֆոռնիա նահանգի սենատոր Բարբարա Բոքսերը  եւ այլ սենատորներ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Ջոն Քերիին հայերի վերաբերյալ հարցեր կներկայացնեն, հայտնում է Ամերիկայի հայկական ասամբլեան:

Սպասվում է, որ Քերիի թեկնածությունն անհապաղ կհաստատվի Սենատում:

«Սենատոր Քերին հայերի վաղեմի կողմնակիցն է եւ մարդու ու փոքրամասնությունների իրավունքների ոլորտում Ամերիկայի հիմնարար արժեքների քարոզիչը»,- հայտարարել է ասամբլեայի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ըստ նրա՝ Սենատում 29 տարիների ընթացքում Ջոն Քերին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների խոր ըմբռնում է ցուցաբերել: Արդունին հույս է հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնում նա հավատարիմ կմնա իր դիրքորոշմանը:

Լսումները կայացել են հունվարի 24-ին: Քերին Սենատում միջազգային հարաբերությունների հանձնաժողովը  նախագահած տարիներին  Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էր: Որպես արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի անդամ` նա թույլ չէր տվել Ֆրենսիս Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայի դեսպան` Հայոց ցեղասպանության նկատմամբ վերջինիս դիրքորոշման եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով: