Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ողջունում է զրպարտության մասին հայցադիմումներին առնչվող հարցի լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերը եւ իշխանություններին կոչ է անում շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը: Այդ մասին ասված է Եվրոպայում լրատվամիջոցների ազատության մասին զեկույցում, որին ԵԽԽՎ-ն հավանություն էր տվել հունվարի 24-ին:
Նշելով ընտրություններից առաջ եւ հետո խոսքի ազատության կարեւորության մասին՝ ԵԽԽՎ-ն Ադրբեջանին, Հայաստանին, Ռուսաստանին, Թուրքիային եւ Ուկրաինային կոչ է արել նախորդ ընտրությունների ժամանակ դիտորդների նկատած թերությունները վերացնելու միջոցներ ձեռնարկել:
Պատվիրակները լրագրողների համար ավելի շատ պաշտպանվածություն, հեռարձակողների վրա ավելի քիչ ճնշումներ են պահանջել:
Վեհաժողովը, մասնավորապես, Ռուսաստանին, Թուրքիային, Հունգարիային եւ Բելառուսին լրատվամիջոցների ազատության աստիճանը բարձրացնելու կոչ է արել: Պատգամավորները դատապարտել են համացանցում կառավարության հասցեին քննադատություն հնչեցրած օգտատերերի նկատմամբ հետապնդումները եւ ազատազրկումները, մասնավորապես՝ Ռուսաստանում, Թուրքիայում եւ Բելառուսում:





























