Սուդանի նախագահ Օմար Բաշիրն ու Հարավային Սուդանի ղեկավար Սալվա Կիրան բանակցություններ են վարել Եթովպիայում: Բանակցությունների գլխավոր թեման եղել է սահմանին անվտանգության վերահսկման մեխանիզմի ստեղծումն ու վիճելի Աբեյ տարածաշրջանում խորհրդարանի ստեղծումը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Աֆրիկյան միության եւ Բենինի նախագահ Թոմաս Բոնի Յաին եւ երկու Սուդանների միջեւ միջնորդ հանդիսացող ՀԱՀ նախկին նախագահ Թաբո Մբեկին, հայտնում է ՌԲԿ-ն:
Բանակցությունների ավարտին երկու կողմերը միմյանց մեղադրել են իրենց ձախողումների մեջ: Այսպես, Հարավային Սուդանի պատվիրակության ղեկավար Պագան Ամումը լրագրողներին հայտարարել է, որ բանակացություններն անարդյունք են ավարտվել Խարտումի` փոխզիջումների գնալու ցանկություն չունենալու պատճառով: «Եթովպիայում երկու նախագահների միջեւ կայացած բանակացությունները չեն հանգեցրել որեւէ որոշման, քանի որ սուդանական կողմը հետ է կանգնել նախկին պայմանավորվածություններից»,- ասել է նա:
Իր հերթին Սուդանի ԱԳՆ ղեկավար Ալի Քարտին նշել է, որ «Հարավային Սուդանը նախկին պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին արգելքներ է առաջացրել եւ ամեն անգամ նորանոր առաջարկներ է առաջ քաշել», հաղորդել է «Կորիսպոդենտ»-ը:
Հիշեցնենք, որ Աֆրիկյան միության կողմից հունվարի սկզբին հնչած հայտարարության մեջ ասվել է, որ երկու կողմերի մոտ էլ զգալի առաջընթաց կա եւ նրանք հետո էլ շարունակելու են բանակցություններ վարել բուֆերային գոտու եւ այն կարեւոր հարցի վերաբերյալ, թե երբ եւ ինչ պայմաններով է վերսկսվելու նավթի արտահանումը: Նավթահանման դադարեցումը եղել է 2012 թվականի սկզբին, այն բանի համար, որ Ջուբայի եւ Խարտումի միջեւ վեճ է բռնկվել մի քանի հարուստ նավթային շրջանների պատկանելիության վերաբերյալ: Անմիջական պատճառն եղել է այն, որ տարանցիկ ենթակառուցվածքների մեծ մասն անցնում էր Սուդանի տարածքով:





























