Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հունվարի 26-ին բացվում է Եվրամիության եւ Լատինամերիկյան եւ կարիբյան պետությունների համագործակցության  գագաթաժողովը (Celac)՝ 27 եվրոպական եւ 33 լատինամերիկյան պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման հիմնական թեման պետք է դառնան տնտեսական ոլորտում փոխգործակցության, ներդրումների արդյունավետության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերը։ Հանդիպման ընթացքում ներկա քաղաքական իրավիճակին եւ մարտահրավերներին գնահատական կտրվի։

ԵՄ-Լատինական Ամերիկա գագաթաժողովի ավարտից հետո Celac-ի շրջանակում առաջին հանդիպումը կկայանա։  Համագործակցության նախագահությունը կփոխանցվի Կուբային, որը կներկայացնի Ռաուլ Կաստրոն։

Կաստրոն արդեն ժամանել է Չիլի։ Դա 40 տարվա ընթացքում Կուբայի բարձրագույն ղեկավարության առաջին այցն է Չիլի։

Սանտյագոյի գագաթաժողովը ԵՄ-ի եւ Լատինական Ամերիկայի երկրների թվով յոթերորդ ֆորումը կդառնա։ Դրա արդյունքում կընդունվի հռչակագիր եւ գործողությունների ծրագիր, որոնցում կձեւակերպվեն մինչեւ 2015թ.  առկա  խնդիրների լուծման ռազմավարական սկզբունքները։