Ուկրաինան Ռուսաստան է արտահանձնել 59-ամյա «օրենքով գող» Օմար Բեկաեւին, որը հայտնի է Օմար Ուֆիմսկի մականունով։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս իրավապահները վաղուց սպասում են նրան։ 

Ռուսաստանում Բեկաեւին խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում 7,5 տարվա ազատազրկում է սպառնում։ 

Միջազգային հետախուզման տակ գտնվող Բեկաեւին 2009թ. դեկտեմբերի 7-ին Օդեսայում ձերբակալել էին Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները։ Նրա մոտից ապօրինի զենք էին առգրավել եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, որ Օդեսայում բանտից դուրս է եկել չեչենական կլանի քրեական հեղինակություն  Օմար Ուֆիմսկին: Ազատելուց հետո նրա նկատմամբ իսկույն արտահանձնման կալանք է կիրառվել, քանի որ 2008թ.-ից նրան որոնում են ՌԴ իրավապահները՝ կատարած ծանր հանցագործությունների համար։