ԱՄՆ-ում ազատազրկել են ԿՀՎ նախկին աշխատակից Ջոն Կիրիակուին:  Սա 25 տարվա մեջ ԱՄն հետախուզական աշխատակիցների մասին տվյալների պաշտպանության առաջին օրենքով դատապարտումն է եղել: Կիրիակուին դատապարտել են 30 ամիս ազատազրկման:

Նախկինում Պակիստանում հակաահաբեկչական գործողությունների ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կիրիակուի կարծիքով` իրեն դատապարտել են ԿՀՎ-ում կիրառվող հարցաքննության անօրինական եղանակները բացահայտելու համար: Դատարանը մերժել է այդ ցուցմունքը` հայտարարելով, որ ավելի վաղ Կիրիակուն կողմ էր այդ եղանակներին, հայտնում է «Ռոսբալթը»:

Նրա գործի հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ կասկածելի ահաբեկիչների փաստաբանները ներկայացրել են անհայտ աղբյուրներից ստացված տեղեկություններ պարունակող հայցեր: Այդ հետքը եւ բերել է Կիրիակուի վրա:

Մեղադրող կողմը դատարանում հայտարարել է, որ ԿՀՎ նախկին աշխատակիցը լրագրողին բարձրաձայնել է գործակալության մեկ այլ` գաղտնի վիճակում գտնվող ծառայակցի անուն, իսկ լրագրողը տեղեկությունը փոխանցել է Գուանտանամոյի կենտրոնում դատապարտվածներից մեկի իրավապաշտպանին: Դատախազությունը մեղադրել է գործակալին նաեւ նրանում, որ վերջինս իր հուշագրությունները հրապարակելու թույլտվություն ունենալու նպատակով  խաբել է գործատուին:

Ջոն Կիրիակուն ԿՀՎ-ում աշխատել է 1990-2004 թվականներին: 2002 թվականին նա ղեկավարել է «Ալ Քաիդայի» ֆինանսական գործունեության ղեկավարման մեջ կասկածվող Աբու Զուբեյդային բռնելու գործողությունները: Որոշ հաղորդագրությունների համաձայն` Աբու Զուբեյդայի հարցաքննությունների ընթացքում 83 անգամ կիրառվել է բռնի ջրախեղդության եղանակը: Այդ տեղեկությունը Կիրիակուն 2007 թվականին հաստատել է  ABC News հեռուստաալիքին տված իր հարցազրույցի ժամանակ: