Հայաստանը ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչն ամրապնդելու լուրջ աշխատանք է տանում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 26-ին, ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը Հայաստանում անցկացվեցին ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները։ Ըստ նրա գնահատականի՝ զորավարժությունների ընթացքում հաջողվեց բարձրացնել ոչ միայն մասնակից երկրների, այլեւ հայրենական առանձին գերատեսչությունների միջեւ համակարգումը։
Խոսելով երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության մասին՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ամրապնդվում է բանակի եւ հասարակության, բանակի եւ կրթական հաստատությունների կապը, տարատեսակ միջոցառումներ են անցկացվում։
«Դա հիմք է 2013թ. մեծ հաջողությունների հասնելու համար», - նշել է նախարարը։





























