Հունվարի 26-ի վաղ առավոտյան Մեխիկոյում սկսել են ապամոնտաժել Հեյդար Ալիեւի հուշարձանը: Մոտ 400 ոստիկաններ քաղաքային կենտրոնական «Paseo de la Reforma» այգում շրջապատել էին հուշարձանի գտնվելու վայրը:

Թե որտեղ են Մեխիկոյի իշխանություններն որոշել տեղափոխել բրոնզաձույլ հուշարձանը` հայտնի չէ, հայտնում է  մեքսիկական «Noticieros Televisa» հեռուստատեսության կայքը:

Հուշարձանը Մեխիկոյի կենտրոնական այգում կանգնեցվել է 2012 թվականի օգոստոսին: Ընդ որում հաղորդվել էր, որ ադրբեջանական կողմն այգու վերականգնման համար ներդրել է մոտ 5 միլիոն դոլար:

Հուշարձանի կանգնեցումը մեքսիկական հասարակության մեջ բուռն քննադատությունների է արժանացել: Մարդու իրավունքների գծով ավելի քան  50 ակտիվիստներ հայտնի իրավապաշտպաններ Դանիել Գերշենսոնի եւ Օմերո Արիդխիսի գլխավորությամբ հունվարի 20-ին Հեյդար Ալիեւի հուշարձանի մոտ բողոքի ցույց են կազմակերպել:

Դրան ի պատասխան` Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը դատական հայց է ներկայացրել Մեխիկոյի քաղաքապետարանի դեմ: Դատական գործընթացում տանուլ տալով` նա սպառնացել է Մեքսիկայի հետ դադրեցնել դիվանագիտական կապերը, փակել դեսպանությունն ու դիմել միջազգային դատարան:

Հունվարի 22-ին Մեխիկոյի քաղաքապետարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` հաղորդելով, որ վերջնական որոշում է ընդունվել «Paseo de la Reforma» քաղաքային կենտրոնական այգուց ապամոնտաժել Հեյդար Ալկիեւի հուշարձանը եւ այն տեղափոխել ինչ-որ մասնավոր տարածք: Քաղաքապետարանը հայտարարել է նաեւ, որ որոշված է փոխել նաեւ Խոջալուի հուշակոթողի  եւ հուշարձանի ցուցանակի տեքստը` այդտեղից ջնջելով «ցեղասպանություն» բառը: