Մալիի եւ Ֆրանսիայի միացյալ զինված ուժերը հունվարի 27-ին Մալիի կառավարության վերահսկողությանն են վերադարձրել երկրի հյուսիսում գտնվող Թիմբուքթու քաղաքը:  Գրոհայինները զորքերին լուրջ դիմադրություն ցույց չեն տվել: Այդ մասին հայտնել է  Sky News հեռուստաալիքը` վկայակոչելով ռազմական աղբյուրներին:

Ըստ աղբյուրի` ուժայինները գործադրում են բոլոր ջանքերը` քաղաքները գրոհայիններից մաքրելու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆոնդում ընդգրկված օբյեկտներն ամբողջական պահելու համար:

Թիմբուքթուի քաղաքային օդանավակայանում բանակն ընդունում է բեռ եւ օգնություն` հյուսիս-արեւելքում  հարձակումը շարունակելու համար: Այնտեղ գտնվում է Քիդալ խոշոր քաղաքը, հաղորդում է ՆՏՎ-ն:  

Մեկ օր առաջ Ֆրանսիայի եւ աֆրիկական երկրների զորքերի աջակցությամբ կառավարական զորքերը վերահսկողություն էին հաստատել երկրի հյուսիսում գտնվող Գաո քաղաքում:

Ֆրանսիան զորքերը Մալի էր մտցրել հունվարի 10-ին` այդ երկրի  խնդրանքով:  Ավելի ուշ գործողությանն էին միացել հարեւան աֆրիկական պետությունների ուժերը, արեւմտյան երկրները նույնպես սկսել էին աջակցություն ցուցաբերել: