Պաշտոնից հեռացող ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հստակ չի պատասխանել 2016թ. նախագահական մրցապայքարում իր հնարավոր մասնակցության հարցին:

«Հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ կլինի վաղը կամ  մյուս տարի», - հայտարարել է նա CBS հեռուստաընկերության հետ հրաժեշտի հարցազրույցոմ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ի նշան Քլինթոնի նկատմամբ հարգանքի` հաղորդմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` Քլինթոնին անվանելով իր ընկերը եւ երկրի պատմության «լավագույն պետքարտուղարներից մեկը»: 

Օբաման Քլինթոնի պես չի պատասխանել 2016թ. ընտրությունների վերաբերյալ հարցին, իսկ ավելի հստակ` այն հարցին, թե կաջակցի արդյոք Քլինթոնի թեկնածությունը, եթե վերջինս առաջադրվի հաջորդ ընտրություններում: Նախագահն առաջարկել է առաջ չընկնել եւ գուշակություններ չանել: 

Օբաման եւ Քլինթոնը պատմել են նաեւ Սպիտակ տան արտաքին քաղաքականության մասին: Օբաման մեկնաբանել է  իր քաղաքական  հակառակորդների մեղադրանքները, թե իր օրոք Ամերիկան սկսել է քիչ միջամտել այլ երկրների հակամարտություններին: Ըստ ԱՄՆ-ի նախագահի` քննադատները մոռացել են Արաբական գարնան մասին, հաղորդում է ՆՏՎ-ն:

«Մուամար Քադաֆին հազիվ թե համաձայնի այդ գնահատականին: Համենայն դեպս, եթե նա ողջ լիներ, նա չէր համաձայնի: Մենք կարողացանք Լիբիայի ազատագրման հիմքերը դնել: Իսկ եթե խոսենք Եգիպտոսի մասին, ապա  եթե չլիներ մեր քաղաքականությունը, այնտեղ ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր», - ասել է նա: