Անցած տարիներին հայկական բանակը կարողացավ ապացուցել, որ ի զորու է կատարել իր առջեւ դրված բոլոր առաջադրանքները, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Հարցին, թե ինչ է իր համար Բանակի օրը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը պատասխանել է, որ «դա հպարտության օր է ոչ միայն իր համար, այլեւ ամբողջ ժողովրդի»: «Եւ պատերազմի տարիներին, եւ դրանից հետո հայոց բանակը պատվով եւ մեծ պատասխանատվությամբ է իրականացնում իր առաքելությունը», - նշել է Մովսես Հակոբյանը, հավելելով, որ այդ օրը խորհրդանշում է անցած ուղին եւ կանխորոշում է հետագան:
Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը եւ Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձը: Տոնին մասնակցելու համար Լեռնային Ղարաբաղից եւ սփյուռքից Հայաստան են ժամանել բարձրաստիճան զինվորականներ:





























