Toyota Motor Corporation  ճապոնական ավտոարտադրողը, ըստ 2012թ. արդյունքների, համաշխարհային ավտոշուկայում վերադարձրել է առաջատարի դիրքը: Ընկերության վաճառքի ծավալն իր դուստր ձեռնարկություններ Hino Motors Ltd. –ի եւ Daihatsu Motor Co.-ի  հետ նախորդ տարվա համեմատ ավելացել է  22,6%-ով` մինչեւ 9,7 միլիոն մեքենա, հաղորդվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: 

Նախորդ տարվա «չեմպիոն» ամերիկյան  GM ընկերության վաճառքը 2012թ. կազմել է 9,29 միլիոն մեքենա: 

Ըստ Bloomberg-ի` 2013թ. Toyota-ն մտադիր է վաճառքի ցուցանիշը ավելացնել մինչեւ  9,91 միլիոն միավորի` հիմնականում ամերիկյան շուկայում վաճառքի հաշվին: 

Անցյալ տարի Ճապոնիայում Toyota-ի վաճառքն ավելացել էր 35,2% -ով` մինչեւ 2,4 միլիոն մեքենա, Ճապոնիայի սամաններից դուրս` 19%-ով, մինչեւ 7,33 միլիոն միավոր, հայտնում է «ՌՒԱ Նովոստին»:

Toyota Motor Corporation-ը Toyota Group-ի խոշորագույն  ստորաբաժանումն է  եւ Ճապոնիայի մեքենաների արդյունաբերության առաջնորդը: Այն հիմնադրվել է 1937թ.: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Տոյոտա քաղաքում, աշխատակիցների թիվը հասնում է 321 հազար մարդու: Ընկերության հեռանկարային ուղղություններից է բարձրէկոլոգիական մեքենաների ստեղծումը: