Մերձմոսկվայի «Սեմեյնի էլիտ կլուբ» ռեստորանում քրեական հեղինակությունների հավաքը իրականում նպատակ ուներ իրավապահների ուշադրությունը շեղել Դեդ Հասանի շրջապատի կարեւոր հավաքից, որտեղ մշակվել է քրեական պատերազմի ռազմավարությունը:
Հիշեցնենք, հունվարի 26-ին ոստիկանները քրեական աշխարհի 23 հեղինակությունների էին ձերբակալել, այդ թվում` բելառուսցի Ալեքսանդր Մեդվեդեւին (Մեդվեժոնոկ) եւ Պավել Ալիկսեեւիչին (Պաշտետ), նաեւ ռուս մաֆիոզներ Կոնստանտին Բորիսովին (Կոստիլ կամ Ինվալիդ) եւ Ալեքսանդր Տիմոշենկոյին (Տիմոխա): Նրանց հետ զրուցելուց հետո ազատել էին, բացառությամբ Պաշտետի, որի մոտ մեկ կգ կոկաին էին գտել:
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ ՆԳՆ-ում այդ հատուկ գործողությունն անվանել էին կարեւոր իրադարձություն հանցավորության դեմ պայքարի ոլորտում:
Մինչդեռ Դեդ Հասանին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ միաժամանակ Մոսկվայում առավել կարեւոր հավաք է անցկացվել, որի մասին իրավապահները տեղյակ չեն:
Օրենքով գողերը հավաքվել են նույն ռեստորանում, որտեղ անցկացվել էր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) հոգեհացը: «Իրադարձությունները բավական կանխատեսելի կերպով են զարգացել: Դա պարզապես ապացուցել է, որ Տարոյի կլանը սլավոնական հանցախմբերին հանգիստ չի թողնի, հենց նրա մարդիկ են «ծախել« Մերձմոսկվայի հանդիպումը: Հիմա վրացիները թող պատասխանի սպասեն», - ասել է աղբյուրը:
Ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանը, թեպետ Վրաստանից էր, համարվում էր հենց սլավոնական կազմակերպված հանցախմբերի հովանավորը: Թերթը նշում է, որ հենց այդ հանգամանքն էր զայրացնում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Դեդ Հասանի հուղարկավորությանը նույնիսկ վարկած է հնչել, որ մարդասպանները գործել են վրացական հատուկ ծառայությունների պատվերով: Սակայն հանցավոր աշխարհում խոսում են այդ սպանության երեք հնարավոր պատվիրատուների մասին` Տարիել Օնիանի (Տարո), Մերաբ Ջենգվելաձե եւ Ռովշան Ջանիեւ: Ընդ որում, գողական միջավայրում լուրեր են տարածվել, որ Տարոն եւ Մերաբը համասեռամոլներ նույնասեռական են:
Հուղարկավորության ժամանակ նաեւ խոսք է եղել, որ այժմ Ռուսաստան կարող է թմրանյութերի հոսք լինել: Իբր Հասանն այն զսպում էր: Իսկ Տարոն եւ Մերաբը թմրանյութերով են զբաղվում: Քրեական հեղինակությունները նաեւ խոստացել են օգնել Դեդ Հասանի սպանության պահին դիպուկահարի պատահական զոհ դարձած կնոջը: Տուժածը ողջ է մնացել, սակայն դարձել է հաշմանդամ:





























