2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո սկսված միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, դրան զուգահեռ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Աֆղանստան ներխուժումը զգալի հարված հասցրեցին 21-րդ դարասկզբի ամենահայտնի իսլամական ծայրահեղական խմբավորմանը` Ալ-Կաիդային: Արդյունքն եղավ այն, որ Ալ-Կաիդան կորցրեց մի տարածք (տալիբների Աֆղանստանը), որն իր ղեկավար օղակի համար թաքստոց էր և նոր անդամների ռազմական ու գաղափարական պատրաստության ապահով վայր: Ենթարկվելով ճնշումների Ալ-Կաիդան չէր կարողանում ազատ տեղաշարժել մարտիկներին, ֆինանսական հոսքերն ու ռազմատեխնիկական միջոցները, ինչը հանգեցրեց նրան, որ Ալ-Կաիդայի դիրքերը թուլացան, նրա անդամների նկատմամբ սկսվեցին համընդհանուր հետապնդումներ ու ձերբակալություններ, իրականացվեց որս ղեկավար անդամների նկատմամբ (2011 թ-ի մայիսի 1-ին սպանվեց Ալ-Կաիդայի առաջնորդ Ուսամա Բեն-Լադենը, ներկայում տարածված են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով Ալ-Կաիդայի ղեկավար անդամների ոչնչացումները և այլն): Այս ամենը ստիպեց Ալ-Կաիդայի ղեկավար օղակին մտածել կառուցվածքային, ռազմավարական և մարտավարական փոփոխությունների մասին:
Ալ-Կաիդայի դիրքերի թուլացմանը զուգընթաց ավելացան դժգոհությունները խմբավորման կողմից տարվող պայքարի և ռազմավարական ուղղությունների նկատմամբ, որոնք արտահայտվեցին ինչպես չափավոր, այնպես էլ ծայրահեղ արմատականների շրջանակներում: Նույնիսկ Ալ-Կաիդայի ներսում հնչեցին քննադատություններ ուղղված կազմակերպության առաջնորդների հասցեին` մեղադրելով նրանց 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ԱՄՆ նկատմամբ իրականացված աննպատակ ու անհեռատես գործողությունների իրականացման մեջ, ինչի հետևանքով տալիբների իշխանությունն Աֆղանստանում վերացվեց, սկսվեց Ալ-Կաիդայի նկատմամբ համաշխարհային հետապնդում:
Ստեղծված պայմաններում Ալ-Կաիդայի գաղափարախոսների կողմից մշակվեց նոր մարտավարություն և կառուցվեց միջազգային ցանցային նոր համակարգ` այն հրամցնելով նախկին հիերարխիկ կազմակերպության փոխարեն: Այս նոր համակարգը կապված չե մեկ կամ երկու մարդկանցից` նպատակ դնելով յուրաքանչյուր իրադրությունում շարունակել Ալ-Կաիդայի ռազմավարական ուղեգծի իրականացումը: Այն իր մեջ ներառում է երեք փոխկապակցված գործոն:
- Կենտրոնական բջիջ, որի մեջ ընդգրկված են «գլոբալ ջիհադի» շարժման առաջին դեմքերը, որոնք հրամաններ չեն տալիս և չեն վերահսկում, այլ տալիս են աշխարհի տարբեր հատվածներում գործող իսլամական խմբավորումների գործողությունների գաղափարական ուղենիշը:
- Բաց ճակատներ, որտեղ տեղի խմբավորումները պայքարում են արևմտյան ռազմուժի կամ տեղի վարչակարգերի դեմ:
- Քնած բջիջներ, որոնք կազմակերպվում են մուսուլմանական և արեւմտյան երկրներում և աստիճանաբար սկսում են սպառնալ նրանց անվտանգությանը (օրինակ ահաբեկչական գործողությունները Մադրիդում 2004 թ-ին, Լոնդոնում` 2005 թ-ին և այլն):
21-րդ դարասկզբին Ալ-Կաիդան ստիպված էր փոխել «գլոբալ ջիհադի» մարտավարությունը, և այս առումով ծայրահեղականների կողմից փոխվեցին պոտենցիալ թիրախները: Ժամանակին Ուսամա Բեն-Լադենի ուղերձների մեծամասնությունը հասցեագրված էր «հեռավոր թշնամու»` ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ պայքարին, և միայն ուղերձների որոշ մասն էր անդրադառնում «մերձավոր թշնամում»` այսինքն ուղղված էին մուսուլմանական «անհավատ» վարչախմբերի դեմ: «Ջիհադի» գաղափարախոսության արդի հեղինակների մեծամասնությունը (Այման Ազ-Զաուահիրի, Սայֆ Ալ-Ադլ, Աբու Յահյա Ալ-Լիբի (սպանվեց «Անօդաչու թռչող սարքի» միջոցով 2012 թ-ի հունիսի սկզբին), Աբու Մուսաբ Աս-Սուրի և այլն) իրենց աշխատություններում կարևորում են «մերձավոր թշնամու» դեմ մղվող պայքարը: Այսպիսով մոտ ապագայում կանխատեսելի է, որ մուսուլմանական երկրների ոչ իսլամական վարչակարգերը ծայրահեղականների կողմից կենթարկվեն առավել ինտենսիվ հարձակումների: Սակայն սա չի նշանակում, որ ջիհադականները ուշադրություն չեն դարձնի «հեռավոր թշնամու» վրա. նրանք կշարունակեն իրենց քնած բջիջների միջոցով այլ երկրներում ընտրել թիրախներ և իրականացնել ահաբեկչական գործողություններ` նպատակ ունենալով լարվածություն առաջացնել նաև ոչ մուսուլմանական տարածքներում:
Ալ-Կաիդան փորձում է ընդունել 21-րդ դարում ի հայտ եկած նոր խաղի կանոնները, որոնցով իրականացվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Ալ-Կաիդան ուսումնասիրում է 4-րդ սերնդի պատերազմ վարելու փորձը (4-րդ սերնդի պատերազմում հակամարտող կողմերի ռեսուրսներն ու հնարավորությունները էականորեն տարբերվում են: Այս պատերազմը իր մեջ ներառում է 1. ռազմական առաջադրանքի իրականացման հրաման (mission type order), 2. լոգիստիկ կենտրոնականացված համակարգից կախվածության թուլացում, 3. պատերազմական գործողություններում մանեւրելու կարողություն, 4. հակառակորդի ուժերի ներքին կառուցվածքի կազմաքանդմանն, այլ ոչ թե նրա անմիջական ֆիզիկական ոչնչացմանն ուղղված գործողությունների իրականացում: Նման պատերազ է իրականացվում այժմ Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումների, Աֆղանստանում` կոալիցիոն ուժերի և թալիբների, Հյուսիսային Աֆրիկայում` հատկապես Մալիում, ֆրանս-մալիական ուժերի և իսլամականների միջև և այլն): Ալ-Կաիդան ուսումնասիրում է Կուբայի հեղափոխականների, Վիետնամում ամերիկյան ուժերի դեմ իրականացված պարտիզանական գործողությունների (ինչը պարզ երևում է ժամանակակից իսլամական արմատական գաղափարախոսների հանձնարարականներում) փորձերը և այլն:
Նոր սերնդի Ալ-Կաիդայի գաղափարախոսների (Սայֆ Ալ-Ադլ, Աբու Մուսաբ Աս-Սուրի և այլն) կողմից առաջ քաշվեցին ջիհադականների փոքր խմբերի ստեղծման գաղափարը, որոնք պետք է հնարավորինս ինքնուրույն պատրաստվեն և իրականացնեն իրենց գործողությունները: Այդ ջիհադականները իրենց գործունեության և «գլոբալ ջիհադի» իրականացման ընթացքում չպետք է ուղղորդվեն կենտրոնից` ստանալով միայն ընդհանուր հրահանգներ: Ալ-Կաիդայի գաղափարախոսներից Աբու Մուսաբ Աս-Սուրին կարծում է, որ նման մարտավարության շնորհիվ Ալ-Կաիդան և նրա կողմից քարոզվող գաղափարախոսությունը չի թուլանա և արդյունավետ կլինի: Ըստ Աս-Սուրիի «գլոբալ ջիհադի» պայքարին մասնակցելու համար այժմյան ջիհադականները, աշխարհի որ անկյունում էլ որ լինեն, պարտադրված չեն անդամակցել Ալ-Կաիդային. նրանք կարող են ինքնուրույն հավաքագրել մարտիկներ, մշակել և իրականացնել ահաբեկչական գործողություններ ` դրանով մաս կազմելով «գլոբալ ջիհադին», իսկ դրա համար Աս-Սուրին մեծ տեղ է հատկացնում ժամանակակից տեխնոլոգիաներին և համացանցին: Աս-Սուրիի կարծիքով 2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո խմբային ռազմական գործողությունների իրականցումը կոնկրետ տարածքներում դարձել է անհնարին, իսկ նոր Աֆղանստան չի լինելու, ուստի ապագա ջիհադը պետք է իրականացվի փոքր, շարժունակ և որևէ կենտրոնականացված կազմակերպության անդամ չհանդիսացող խմբերի կողմից: «Ջիհադի» հայեցակարգը վերափոխվեց ոչ միայն գաղափարական, այլև ռազմավարական առումով: Եթե 20-րդ դարի երկրորդ կեսին ջիհադական դիմադրության հիմնական ձևը գաղտնի կազմակերպություններն էին, որոնց փոխարինելու եկան բազաները, ապա այսօր «ջիհադի» գաղափարախոսությունը իր հետևորդներին կոչ է անում առավել ինքնուրույնության, ինչն առավել դժվարացնում է ջիհադական ճյուղավորումների հետապնդումը, զինաթափումն ու ոչնչացումը:
Կարեւոր սկզբունք է համարվում ծայրահեղականների կողմից կատարվող փորձերը ջիհադը որպես ավանդական կոլեկտիվ պարտականությունից դարձնել անհատական պարտականություն: Որպեսզի «անհատական ջիհադը» լինի գրավիչ, արմատականների կողմից քարոզվում են պատմական անձիք, ովքեր իրենց մեջ ընդգրկում էին «մեծ ջիհադի» (սեփական արատների դեմ պայքար) և «փոքր ջիհադի» (ռազմական գործողություններ) գաղափարները: Միաժամանակ փորձեր են արվում իսլամի ներսում ջիհադի կարգավիճակի բարձրացման ուղղությամբ` նրան տալով հոգևոր ուղվածության բնույթ: Համաձայն Բեն-Լադենի խոսքերի «Ջիհադը իսլամի վեցերորդ, չընդունված հիմնասյուներից է, իսկ Ալ-Կաիդայի նպատակն է ջիհադը հավատքի մաս դարձնելը»: Այսպիսով ըստ իսլամականների, «անհատական ջիհադը» պետք է դառնա պարտականություն, և առաջին հերթին` հոգևոր պարտականություն, իսկ արդյունքում կարևորվում էր նրա ինքնատիպ տարբերակը` սեփական անձի զոհաբերությունը, որպես նահատակի (շահիդ):
Գլոբալ ջիհադականները հմտորեն խաղարկում են մուսուլմանական աշխարհում առկա խնդիրները, իսկ համաշխարհային քաղաքականության առանձին հիմնադրույթներ (օրինակ` ռազմական միջամտությունը Աֆղանստան, Իրաք, կամ Պաղեստինի հիմնահարց և այլն) զգալիորեն թեթևացնում են «գլոբալ ջիհադի» գաղափարախոսների աշխատանքը` նոր մարդկանց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ պայքարին հավաքագրելու ուղղությամբ:
Ալ-Կաիդան կարևորում է ինչպես ֆինանսական, խորհրդատվական և անմիջական ներդրումների, և ծայրահեղ իսլամական խմբավորումների միջև կապող օղակի իր գործառույթները, այնպես էլ որպես արմատականների շրջանում ամընդհանուր ճանաչում ունեցող Ալ-Կաիդայի գաղափարախոսների աշխատությունների տարածման աղբյուր լինելու գործոնը: Այսպիսով զիջելով տեղի իսլամական խմբավորումներին թվաքանակով և իրականացվող ահաբեկչական գործողությունների մոբիլությամբ` Ալ-Կաիդան շեշտը դնում է իր կողմից «գլոբալ ջիհադի» իրականացմանն անհրաժեշտ կարեւոր ծառայությունների ապահովման վրա:
Ուսամա Բեն-Լադենի ոչնչացումը, ինչպես նաև «Արաբական գարնան» համատեքստում տեղ գտած զարգացումերը Ալ-Կաիդային ստիպում են փնտրել նոր առաջնորդներ, որոնք օժտված կլինեն գաղափարախոսական, մարտավարական, ռազմավարական, շարիաթի իմացության ունակություններով, և ընդունակ կլինեն ճկուն ձևով արձագանքել մուսուլմանական աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Այս առումով կազմակերպության ներսում արդեն սկսվել են որոշակի գործընթացներ, որոնց վրա փորձում են ազդել ինչպես առանձին առաջնորդների հեղինակությունն, այնպես էլ որոշ արտաքին հովանավորներ:
21-րդ դարի երկրորդ տասնամյակի սկիզբը («Արաբական գարուն», մուսուլմանական երկրներում ավտորիտար վարչակարգերի տապալում, արդյունքում՝ հեղափոխության ենթարկված մուսուլմանական երկրներում իսլամական արմատական ուժերի իշխանության ստանձնում, ամբողջ աշխարհում իսլամական արմատական խմբավորումների և տրամադրությունների ակտիվացում և այլն) մեզ հուշում է, որ մուսուլմանական արմատականության շրջանակներում Ալ-Կաիդայի նոր սերնդի գաղափարախոսներն ունեն հետեւորդներ, որոնք ակտիվ պայքարում են իրենց նպատակների համար, իսկ Ալ-Կաիդան դեռեւս ունի ներուժ ազդելու այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում աշխարհում:
Սարգիս Գրիգորյան



























