Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունվարի 28-ին սկսել է իր շրջագայությունը, որի ընթացքում պաշտոնական այցով կժամանի Հայաստան եւ Ղազախստան, հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Դարյա Զատուլինան:
«Հունվարի 28-29-ին Հայաստան այցի շրջանակում նախատեսված է Սերգեյ Շոյգուի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»: Նա նշել է, որ այդ միջոցառումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության դրությունը եւ հեռանկարները:
Շոյգուն հունվարի 29-ին կայցելի նաեւ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայան, որտեղ նրան կզեկուցեն ռազմական պատրաստվածության կազմակերպվածության, կայանի ուսումնակրթական վիճակի, ծառայության պայմանների եւ զինծառայողների կենցաղի մասին:
Նշենք, որ Շոյգուի հայաստանյան այցը կապված է Հայաստանում նշվող Բանակի օրվա հետ:
«Հունվարի 29-30-ը Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կայցելի Ղազախստանի Հանրապետություն», - հավելել է Զատուլինան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա` նախատեսվում է, որ Շոյգուն կհանդիպի Ղազախստանի ռազմաքաղաքական բարձր ղեկավարության հետ եւ կքննարկի երկկողմ հարաբերությունների ռազմական ոլորտի մի շարք հարցեր: Քննարկման հիմնական թեմաներից կլինեն հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգերի ստեղծման, ռազմատիեզերական եւ ռազմատեխնիկական բնագավառներում համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաեւ Ղազախստանի տարածքում ՌԴ-ի պաշտպանության նախարարության փորձարարական զորավարժարանների գործունեությունը:





























