Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան սպաների:

ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ունենք ձեզ նման պատվարժան եւ վաստակաշատ հայրենակիցներ: Դուք այցելել եք Հայաստան շատ խորհրդանշական օր` Բանակի օրը, եւ ես ողջունում եմ ձեզ Հայաստանում: Ցանկանում եմ, որ ձեր կապը մեր հայրենիքի հետ էլ ավելի ամրապնդվի, որովհետեւ, իսկապես,  ձեր փորձառությունը շատ կարեւոր կարող է մեզ համար: Դուք գիտեք, որ այսօր Հայաստանում մեծ բարեփոխումներ են տեղի ունենում. զինված ուժերում, անվտանգության համակարգերը կատարելագործելու ուղղությամբ եւ ձեր ներդրումն ու  վաստակը կարող է մեզ համար շատ օգտակար լինել»:

Բարձրաստիճան սպաները նշեցին, որ ուշադրությամբ հետեւում են հայկական բանակում տեղի ունեցող գործընթացներին, տեսակետներ հնչեցրեցին զինված ուժերում շարունակաբար իրականացվող բարեփոխումների մասին` ընդգծելով դրանց կարեւորությունը բանակի մարտունակության բարձրացման գործում:

ԱԱԽ քարտուղարը նշեց, որ ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու շրջանակներում Հայաստանը համագործակցում է ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ: Բազմաթիվ ուղղություններով իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել եւ ամրապնդել զինված ուժերի մարտունակությունը.»Այսօր մեր զինված ուժերը ի զորու են Հայաստանի սահմանի ողջ երկայնքով պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից», -ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը տեսակետներ հայտնեցին ոչ միայն զինված ուժերում տարվող աշխատանքների, այլեւ Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ այլ գործընթացների մասին, որոնք վերաբերում են տնտեսությանը, մշակույթին, արտաքին քաղաքականությանը` մասնավորապես Սփյուռքում հայապահպանության խնդիրներին եւ այլ բազմաբեւեռ հարցերի` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանը հետեւողականորեն ամրապնդում է Սփյուռքի հետ կապերը: