Փարիզում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իան Քելիի, Իգոր Պոպովի եւ Ժակ Ֆորի հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես նշվում է հանդիպման ավարտին արված հայտարարության մեջ, համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկել խաղաղ գործընթացն առաջ մղելու աշխատանքային առաջարկները, որոնք կողմերին արվել են 2012թ. հոկտեմբերին: Նրանք նաեւ կարծիքներ են փոխանակել վստահության ամրապնդման հնարավոր միջոցների մասին:

Միջնորդները վկայակոչել են 2011թ. ապրիլի 14-ին եւ 2012թ. հուլիսի 13-ին արված հայտարարություններն ու նախարարների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի օդանավակայան քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հարցը:

Նախարարներն ու համանախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափ: ԱԳ նախարարները նաեւ հաստատել են իրենց աջակցությունը խաղաղ կարգավորմանը` հայտարարելով բանակցությունները շարունակելու վճռականության մասին: Նախարարներն ու համանախագահները համաձայնվել են շարունակել խաղաղ գործընթացի քննարկումը առաջիկա շաբաթներին: