Գվատեմալայի նախկին դիկտատոր Էֆրիան Ռիոս Մոնտը կկանգնի դատարանի առջեւ` հնդկացիների ցեղասպանության գործով:
Նման որոշում է կայացրել դատարանը` մերժելով 86-ամյա գեներալի դատապաշտպանների 13 բողոքները: Դատավորը բավարար ապացույցներ է գտել, ըստ որոնց զինվորական առաջնորդն առնչություն ունի 1700 մարդկանց սպանությանը:
Ավելի քան մեկ տարի տնային կալանքի ենթարկված Ռիոս Մոնտը մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ` 1982-83 թթ մայա ժողովրդի ներկայացուցիչների դեմ պատժիչ գործողությունների ժամանակ:
Մեղադրական կողմը պնդում է, որ Մոնտը, ով այդ ժամանակ ղեկավարել է երկիրը 17 ամիս, տեղյակ է եղել զինվորական հանցագործությունների մասին, սակայն ոչինչ չի արել դրանք դադարեցնելու համար: Այդ ժամանակ բանակը փաստացի երկրի երեսից ջնջել է հարյուրավոր գյուղեր, որոնց բնակիչները կասկածվում էին ձախ խռովարարներին աջակցելու մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մոնտը առաջին նախկին նախագահն է, ում լատինամերիկյան դատարանը մեղադրում է ցեղասպանության մեջ: Ռազմական հետախուզության ղեկավար Խոսե Մաուրիսիո Ռոդրիգեսը նույնպես կկանգնի դատարանի առջեւ` նմանատիպ մեղադրանքով:
Հակամարտության 36 տարիների ընթացքում զոհվել կամ անհայտ կորել է շուրջ 200 հազար մարդ: Մոնտի կառավարման 17 ամիսները համարվում է պատերազմի ամենաարյունալի շրջանը, երբ տեղի են ունեցել զանգվածային սպանություններ:




























