Շվեդական գովազդային Studio Total գործակալության աշխատակիցները, որոնք «փափուկ դեսանտ» էին իջեցրել Բելառուսում, մարդու իրավունքների բնագավառում «Խարտիա` 97»-ի մրցանակն են ստացել: Մրցանակաբաշխությունը կայացել է շվեդական Մալմո քաղաքում:
Մրցանակ են ստացել օդաչուներ Հաննա Ֆրեյը եւ Թոմազ Մազետին, ինչպես նաեւ Պեր Կրոմվելը, ով ներքեւից նկարահանել էր օդանավը, գրում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, Բելառուսի օդային տարածքով չարտոնված թռիչքը կայացել էր 2012թ. հուլիսի 4-ին: Օդանավից փափուկ արջուկներ էին նետել՝ խոսքի ազատությանն աջակցող թռուցիկներով:
Բելառուսի իշխանությունները սկզբում ցանկանում էին կոծկել թռիչքի փաստը՝ չխոստովանելով իրենց ՀՕՊ-ի եւ սահմանապահների թերացումը: Սակայն հետո խոստովանել էին, ՀՕՊ-ի եւ սահմանապահ կոմիտեի ղեկավարները լքել էին պաշտոնը:
2012թ. վերջին «փափուկ դեսանտի» կազմակերպիչներն արժանացել էին միջազգային գովազդային Erica Award մրցանակի՝ «Public Relations» անվանակարգում:




























