Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը Եվրախորհրդին կոչ է արել հանդես գալ Ադրբեջանում խոսքի ազատության պաշտպանությամբ, քանի որ անցած շաբաթ օրն այդ երկրում բողոքի խաղաղ ցույցին մասնակցելու համար Բաքվի կենտրոնում տասնյակ ակտիվիստների են ձերբակալել, հինգին՝ կալանավորել:
«ԵԽԽՎ-ում քաղաքական դրդապատճառներով բանտարկությունների բանաձեւի մերժումից անմիջապես հետո խաղաղ ցուցարարների ձերբակալությունները ցույց տվեցին, թե իրավիճակը որքան լուրջ է», - հայտարարել է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում «Amnesty International»-ի տնօրեն Ջոն Դալուսենը, գրում է contact.az-ը: «ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը եւ Ջոզեֆ Դեբոնո Գրեխը պատասխանատու են ԵԽ-ի առաջ Ադրբեջանի պարտականությունների կատարման դիտարկման համար, եւ նրանք դեմ են արտահայտվել քաղբանտարկյալների վերաբերյալ գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի առաջարկած բանաձեւին: Այդ պատասխանատվությունը ստանձնելուց հետո նրանք այժմ պետք է միջնորդեն, որպեսզի շաբաթօրյա բողոքի ցույցին մասնակցության համար բանտարկվածներին ազատեն եւ տուգանքները վերացնեն», - նշել է Դալուսենը:
Շաբաթ օրը Բաքվի կենտրոնի ցույցը մի քանի օր առաջ Իսմայիլիում բողոքի ցույցը բռնի ցրելու արձագանքն էր: Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են այն լուրերով, որ Իսմայիլիի անկարգությունների ժամանակ մի քանի բանտարկյալներ ենթարկվել են կտտանքների եւ դաժան վերաբերմունքի:




























