Հայաստանի սահմանն առաջին հերթին դրա երկայնքով տեղակայված գյուղերով ու քաղաքներով է ամուր: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիպմանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

 «Բերդ անվանումը շատ բանի մասին է խոսում: Սահմանից սկսած մինչեւ բուն Բերդը, ձեզնից յուրաքանչյուրը մի ամրոց է: Սա մեծ խնդիր է, որը ձեր հանդեպ խոր հարգանք է ներշնչում: Սահմանն ամուր եւ պինդ է առաջին հերթին ձեզնով, մեր բանակով, մեր զինվորներով եւ սպաներով, մարդկանցով: Իհարկե, կարեւոր են նաեւ պաշտպանական կառույցները, սպառազինությունը:

Սակայն ոչ մի սպառազինություն, ոչ մի պաշտպանական կառույց առանց մարդկանց ոչինչ չարժե: Մենք կշարունակենք ամրապնդել մեր բանակի մարտունակությունը, մեր սահմանը, քանի որ մեզ համար թիվ մեկ խնդիրը մեր ժողովրդի անվտանգությունն է: Եւ ամենակարեւորը իսկական մարտական ոգին է, ապրելու եւ արարելու ձգտումը: Գիտեք, եղա Տավուշի բազմաթիվ գյուղերում, եւ մարդկանց մեծ մասի մոտ այդ ցանկությունը կա: Իհարկե, կան մարդիկ, որոնք  մտածում են, որ քաղաքից կգան, կհիմնեն ինչ-որ բան արտադրող գործարան: Իրենց հողի վրա այդ մարդիկ աշխատել չեն ցանկանում: Իհարկե, դրանում մեղավոր է նաեւ ժամանակը:

Եղան տարիներ, երբ հանգամանքների բերումով մարդիկ հեռացան իրենց հողից, եւ այժմ մենք պետք է նրանց սովորեցնենք վերադառնալ այդ կոչմանը: Փորձը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը պատրաստ է դիմակայել ցանկացած վտանգի: Մեկ ուրիշը հավանաբար կլքեր մարտի դաշտը, սակայն մենք ոչ միայն հաղթահարեցինք բոլոր վտանգները, այլեւ դրանցից կոփված դուրս եկանք:

Սակայն մարտն ընթանում է ոչ միայն առաջին գծում, այլեւ խաղաղ ժամանակ: Դա պայքարն է սեփական թերությունների դեմ, որն ավելի դժվար է: Մեր գլխավոր թշնամիներն են ծուլությունը,  տգիտությունը, գոռոզությունը: Հենց դրանց դեմ մենք պետք է պայքարենք», - ասել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am