Կահիրեի քրեական դատարանը հունվարի 29-ին հեռակա կարգով հաստատել է աղմկահարույց «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծմանը մասնակից եգիպտացի յոթ քրիստոնյաների մահվան դատավճիռը:

Մեղադրյալները մահվան էին դատապարտվել դեռեւս 2012թ. նոյեմբերին: Սակայն ըստ Եգիպտոսի սահմանադրության՝ դատարանների վճռած բոլոր մահապատիժները պետք է հաստատվեն Եգիպտոսի գերագույն մուֆթիի կողմից: Միայն դրանից հետո է քրեական դատարանը հնարավորություն ստացել վերանայել այդ գործը, նշում է  «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը բողոքի ալիք էր բարձրացրել մահմեդական շատ երկրներում, այդ թվում՝ Եգիպտոսում: Պարզվել էր, որ ֆիլմի հեղինակը քրիստոնյա ղպտի Նակուլա Բասելի Նակուլան է: Նա 2010թ. 21 ամսվա ազատազրկման էր դատապարտվել բանկային հաշիվների  հետ կապված մեքենայության համար: Ֆիլմը ստեղծելու ժամանակ Նակուլան համացանցից օգտվելու իրավունք չուներ:

Նրան կրկին բանտարկել էին կարգը խախտելու համար: ԱՄՆ-ում նրան ներկայացված մեղադրանքներից ոչ մեկը «Մահմեդականների անմեղությունը» աղմկահարույց ֆիլմին չէր վերաբերում: