Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած դաժան ողբերգության կապակցությամբ, որը բազում մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն եւ տոկունություն:
Հիշեցնենք, որ Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում հունվարի 27-ի գիշերը հրդեհ էր բռնկվել, այնտեղ գտնվում էին հազարավոր ուսանողներ: Ըստ ճշտված տվյալների` հրդեհի հետեւանքով զոհվել էր 231 մարդ: Ըստ քննության հիմնական վարկածի` հրդեհի պատճառ էին դարձել երաժիշտների կիրառած հրավառության նյութերը: Ոստիկանությունը ձերբակալել է հաստատության երկու տերերին եւ Gurizada Fandangueira խմբի երկու երաժիշտների: Ակումբում հրդեհի հետեւանքով 75 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է:





























