ԱՄՆ-ում տղամարդը գնդակահարել է դպրոցական ավտոբուսի վարորդին եւ պատանդ վերցրել 6-ամյա երեխային: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 29-ին, Ալաբամայի նահանգի Միդլենդ Սիթի քաղաքից ոչ հեռու:

Երեխաները, որոնց աչքի առաջ սպանել են վարորդին, պատմել են, որ անհայտ տղամարդը մտել է ավտոբուս եւ վարորդից պահանջել թույլ տալ վերցնել երկու երեխաներին: Վարորդը հրաժարվել է կատարել պահանջը, որից հետո տղամարդը մի քանի անգամ կրակել է նրա վրա, ապա վերցրել ավտոբուսում գտնվող երեխային ու հեռացել: Ավտոբուսի վարորդը ստացված վնասվածքներից մահացել է, հաղորդում է «АН-online»-ը:

Ինչպես հաղորդում է «Մայակը», տղամարդը երկար ժամանակ պատրաստվել է հանցագործությանը. նա բարիկադավորվել է իր տան մոտ գտնվող բունկերում:

Հայտնի է դարձել, որ հարձակվողը տեղի 65-ամյա բնակիչ Ջիմմի Լի Դյուքսն է: Նրա հարեւանը ոստիկաններին հայտնել է, որ տղամարդն իր բունկերը կառուցում էր գիշերները: Տեղի իշխանությունները որոշել են մեկ օրով փակել բոլոր դպրոցները: Միջադեպի հետաքննությանը միացել է նաեւ Հետաքննությունների դաշնային բյուրոն: