Ուզբեկստանում կանխիկ արտարժույթի վաճառքի արգելք են ներմուծում ֆիզիկական անձանց համար: Արգելքը կգործի 2013թ. փետրվարի 1-ից:
Bank.uz-ը հայտնում է, որ նոր կանոնները կհաստատվեն Ուզբեկստանի նախագահի հրամանագրով, որին կկցվի նաեւ հանրապետության Կենտրոնական բանկի մշակած հավելվածը:
Արգելքը կտարածվի Ուզբեկստանի բնակիչ ֆիզիկական անձանց վրա. Նրանք բանկից արտարժույթ կարող են գնել միայն անկանխիկ: Դրա համար նրանց միջազգային պլաստիկ քարտ (Visa կամ Mastercard) է անհրաժեշտ, նաեւ՝ արտարժույթային հաշիվ ունեցող բանկային քարտ, որի վրա կփոխանցվի գումարը՝ օրվա փոխարժեքի հաշվարկով:
Այդ գումարները բանկից հնարավոր կլինի հանել միայն ազգային արժույթով: Ուզբեկստանի մանրածախ առեւտրի եւ սպասարկման ոլորտում, նշում է 12news.uz-ը, արտարժույթով գործարքներն արգելված են:
«Ֆերգանա»-ն հայտնում է, որ ազգային արժույթի ստեղծման պահից (1990-ականներ) Ուզբեկստանում ըստ էության լիարժեք գործող փոխանակման կետեր չկան: Երկրում առայսօր «սեւ շուկա» է գործում («սեւ շուկայում» դոլարի փոխարժեքը եռակի թանկ է), իսկ փոխանակման պաշտոնական կետերում եվրո կամ դոլար գնելը առայսօր գրեթե անհնար է:





























