Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը եւ դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, որ սրանով Հայաստանը եւ ԱՄՆ-ն կթեւակոխեն համագործակցության նոր փուլ:
Քարեն Հիլիարդը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է Հայաստանի կառավարության հետ կնքել ժողովրդավարության եւ կառավարման ոլորտի ծրագրերի աջակցման նոր համաձայնագիր, որն իր տեսակի մեջ բացառիկ կլինի Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանում: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ Հայաստանի ժողովրդավարության եւ կառավարման ոլորտում նախատեսվող օժանդակության նպատակն է խթանել ավելի մասնակցային, արդյունավետ եւ հաշվետվողական կառավարման համակարգի ձեւավորմանը, օտարերկրյա ներդրումների ավելացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանն ու ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:
Նախատեսվող համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագրում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության եւ կառավարման բարեփոխումներին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել 32 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն:
«Սա մեր երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության նոր մակարդակ է, որը կարող է նախադեպ դառնալ տարածաշրջանի երկրների համար, քանի որ որեւէ այլ երկրի հետ դեռեւս նման ծրագիր չենք իրականացնում», - ասել է Քարեն Հիլիարդը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը եւ նշել, որ մեր երկիրը պատրաստ է երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչ մարտի 31-ը:




























