Քաղաքացիական հասարակության զարգացումը որեւէ դեպքում չպետք է անհանգստացնի իշխանությանը: Այդ մասին այսօր` հունվարի 30-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով, երկրի հասարակական կյանքում վերջին հինգ տարում զգալի փոփոխություններ են կատարվել: «Շատ ուժեղ զարգացել է քաղաքացիական հասարակությունը: Մարդիկ սկսել են ավելի ազատ արտահայտել իրենք մտքերը, այդ թվում այս կամ այն խնդրի վերաբերյալ: Եւ մենք երբեմն ականատեսն ենք լինում, որ իշխանության կայացրած որոշումները վերանայվում են հանրային հատվածի ակտիվության ազդեցությամբ: Շատերին դա անհանգստացնում է, բայց մտահոգվելու կարիք այստեղ չկա: Դա շատ նորմալ գործընթաց է: Մարդը պետք է հնարավորություն ունենա ազատ արտահայտել իր մտքերը, որ չարտահայտի դրանք փողոցում` փայտը ձեռքին: Հանրության ժողովրդավարացումը շատերի մոտ հարց է առաջացնում, կարող է արդյոք քաղաքացիական գիտակություն զարգանալ աղքատ հասարակությունում, ժողովրդավարական հասարակությունը համատեղելի է արդյոք աղքատության հետ: Սակայն անկախ ամեն ինչից, հարուստ է մարդը, թե աղքատ, նա ունի արժանապատվության զգացում, որ կազմում է իսկական ժողովրդավարական հասարակության հենքը: Մենք բուռն տասնամյակ ենք մտել: Մեզ սպասվող մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար անհրաժեշտ է պատասխանատու մոտեցում ինքներս մեր նկատմամբ եւ մեր պետության»,- ասել է Սարգսյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյան/NEWS.am