Հայաստանի կոմունիստական կուսակցությունից առավել սկզբունքային ընդդիմություն չի կարող լինել, առնվազն գաղափարական տեսանկյունից: Քանի որ մյուս քաղաքական կուսակցությունները լիբերալ գաղափարախոսություն են քարոզում: Այս մասին հունվարի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Կոմկուսի երկու գլխավոր առաջարկությունները. Վերադարձնել ժողովրդին 1990-ական թվականներին քաղաքական եւ տնտեսական հանցագործությունների արդյունքում խլված սեփականությունները, ինչպես նաեւ բոլոր ռազմավարական ոլորտների ազգայնացումը»,- նշել է Կոմկուսի ղեկավարը: Նրա խոսքով, եթե պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներից որեւէ մեկը հանդես գար նման մտադրություններով` Հայաստանի Կոմկուսն անպայմանորեն կաջակցեր նրան: Սակայն այդպիսի մեկը չի եղել:
Ռուբեն Թովմասյանը նաեւ համոզված է, որ նախագահական ընտրություններից հետո երկրում ոչինչ չի փոխվելու, քանի որ պետության ղեկավարի թեկնածուներից եւ ոչ մեկը հանդես չի եկել երկիրը սոցիալական ուղով զարգացնելու եւ աշխատողների իրավունքները վերականգնելու օգտին:





























