Բրազիլիայում Kiss գիշերային ակումբի համասեփականատերերից մեկը, որտեղ հրդեհի հետեւանքով զոհվել էր 235 մարդ, փորձել է ինքնասպան լինել:
Էլիսանդրո Սֆորը ներկայումս գտնվում է Կրոշ Ալտայի հիվանդանոցում: Նա փորձել էր կախվել լոգարանի ցնցուղի ռետինե խողովակով` այն կապելով պատուհանին: Նրա գործողությնները կասեցրել են վրա հասած ոստիկանները:
Էլիսանդրո Սֆորը Kiss գիշերային ակումբի հրդեհից հետո չորս ձերբակալվածներից մեկն է: Նրանից բացի բանտարկված են եւս մեկ սեփականատեր` Մաուրո Հոֆմանը, ինչպես նաեւ հրդեհի պահին ելույթ ունեցող երաժշտախմբի մենակատարը եւ տեխնիկը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով CNN-ին:
Հիշեցնենք, որ Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում հունվարի 27-ին հրդեհ էր բռնկվել: Ըստ նախնական տվյալների` հրդեհի պատճառ էր դարձել ակումբում ելույթ ունեցող երաժիշտների կողմից փակ տարածությունների համար չնախատեսված հրավառության նյութերի կիրառումը: Ըստ պաշտոնական տվյալների` հրդեհի զոհ է դարձել 235 մարդ: Հարյուրից ավելի մարդ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում:





























