Չիկագոյում սպանել են Բարաք Օբամայի հունվարյան երդմնակալությանը մասնակցած աղջկան՝ նրա հետ զբոսնող դեռահասների խմբին շփոթելով տեղի հանցագործների հետ:

Հունվարի 31-ին AFP-ն վկայակոչելով ոստիկանությանը,  հաղորդում է, որ  Հադիա Փենդլթոնին սպանել են հունվարի 29-ին՝ տասնյակ հասակակիցների հետ այգիներից մեկում զբոսնելիս:  Զինված տղամարդը մոտեցել է դեռահասներին եւ կրակել՝ սպանելով աղջկան եւ վիրավորելով երկու տղաների:  Ըստ Չիկագոյի ոստիկանության ներկայացուցչի՝  հավանաբար մարդասպանը դեռահասներին շփոթել է  տեղական հանցախմբերից մեկի հետ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Հանցագործին հաջողվել է փախչել: Չիկագոյի իշխանությունները նրա մասին ցանկացած տեղեկության համար 11 հազար դոլար պարգեւավճար են խոստացել, հայտնում է utro.ru-ն:

Փենդլթոնը հունվարի 21-ին մասնակցել էր Օբամայի երդմնակալության արարողությանը՝ դպրոցական  փողային նվագախմբի կազմում:

Միջադեպին սրություն է հաղորդում այն, որ դեպքը տեղի է ունեցել  զենքի  վաճառքի խստացման շուրջ  բուռն քննարկումների պայմաններում: Այդ հարցն առավել սուր դրվել էր Կոնեկտիկուտ նահանգի ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադամ Լանզան դպրոցում սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի: