Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, այսօր` հունվարի 31-ին, կայացած հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամեդ Ալ-Քաբանդին հայտարարել է փետրվարին մայրաքաղաք Երեւանում Քուվեյթի մշակութային օրերի անցկացման մասին, որի ընթացքում կկազմակերպվի գեղանկարի ցուցահանդես, կներկայացվի ժողովրդական երաժշտություն, հանդես կգա Քուվեյթի պարային համույթը:
Հայաստանում Քուվեյթի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ Քուվեյթի դեսպանը հավելել է, որ Քուվեյթից ժամանող մշակութային պատվիրակությունը կգլխավորի Ալի Ալ-Յաուհան՝ Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության Ազգային խորհուրդի գլխավոր քարտուղարը, իսկ պատվիրակության կազմում կլինեն արվեստի եւ մշակույթի ականավոր քուվեյթցի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ ստորագրվել է «Արվեստի եւ Մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:





























