Մեխիկոյի նավթագազային Pemex (Petroleos Mexicanos) ընկերության գրասենյակում պայթյուն է տեղի ունեցել: Հաղորդվում է 15 զոհերի եւ հարյուր տուժածների մասին:  Դեպքի վայրում է գտնվում երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Չոնգը:

Ավելի քան 20 տուժածներ այժմ գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ շենքում կարող է դեռ 30 մարդ գտնվել: Նրանց որոնումներն իրականացնում են փրկարարները` հատուկ վարժեցված շների օգնությամբ: 

Սակայն փրկարարների մուտքը  շենքի մի հատված դժվարանում է փլուզման վտանգի պատճառով: 

Տուժածների օգնության եւ տարհանման համար գործի են դրվել  ուղղաթիռ եւ շտապօգնության 25 մեքենա: Այդ շրջանում մեքենաների երթեւեկությունն ամբողջովին դադարեցվել է: Փրկարարների խմբից մեկի աշխատակիցները պատմել են, որ Pemex-ի ավտոկայանատեղիից տարհանվել են բոլոր մեքենաները` ուղղաթիռների վայրէջքը հեշտացնելու նպատակով:

Պայթյունից անմիջապես հետո հարեւանությամբ գտնվող մի քանի տների բնակիչներ նույնպես տարհանվել են:

Ականատեսները պնդում են, որ շենքում պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ միացել է Pemex-ի ավտոկայանատեղիի մեքենաների ազդանշանային համակարգը:

Pemex-ի ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունի պատճառ կարող էր լինել «օդափոխության համակարգի սարքավորումներից մեկի տաքացումը»: Սակայն դա դեռ ընդամենը վարկած է: