ԱՄՆ-ի Ատլանտա (Ջորջիա նահանգ) քաղաքի «Փրայս» դպրոցում հունվարի 31-ին հրաձգության հետեւանքով վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը 14 տարեկան է:  Տեղի  իշխանությունների կարգադրությամբ դպրոցը փակվել է, ծնողները դեռ չեն կարող  տուն տանել իրենց երեխաներին, հաղորդում  vesti.ru-ն:

Դպրոցում կրակոցների հեղինակը աշակերտներից մեկն է եղել, հայտնում է lenta.ru-ն`վկայակոչելով Fox 5 Atlanta հեռուստաալիքին:
Ենթադրյալ հանցագործի անունը եւ տարիքը պաշտոնապես չեն հաղորդվում: Նշվում է, որ նա կրակել է աշակերտներից մեկի գլխին, որից հետո  մի քանի րոպե անց ձերբակալվել է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ոստիկանությունում վստահ են, որ  կրակոցները պատահական չեն եղել, դրանց նախորդել է  երիտասարդների միջեւ տարաձայնությունը:

Վիրավոր աշակերտը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Թեթեւ վնասվածք է  ստացել նաեւ  դպրոցի ուսուցիչներից մեկը:
Դպրոցի տնօրինության նեկայացուցիչներն ընդգծել են, որ ուսումնական հաստատության մուտքը համալրված է մետաղրսիչներով: Այժմ ոստիկանությունը նաեւ պետք է պարզի, թե աշակերտին ինչպես է հաջողվել զենքը դպրոց բերել: