Կենտրոնական Չինաստանում ճայթռուկներով բեռնատարի պայթյունից հետո փլուզված կամրջից նվազագույնը տասը բեռնատար է ընկել, հաղորդվում է 26 զոհերի մասին: «Չժունգո սինվեն»-ի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ հաջողվել է 15 մարդու փրկել:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին տեղական ժամանակով ժամը  8.52-ին Հենան նահանգի Լյանհո մայրուղում: Հրավառության նյութեր  տեղափոխող բեռնատարը Իչան գետի վրայի կամրջի վրա պայթել էր անհայտ պատճառներով: Կամրջի ընդհանուր երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 30մ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

Վթարի վայրի լուսանկարներում երեւում են կամրջից վայր ընկած բեռնատարները: Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական 11 մարտական հաշվարկ: 

 Կամուրջը Չինաստանի ու Ղազախստանի սահմանից մինչեւ Դեղին ծով ձգվող  G30 4400 կմ-անոց մայրուղու մի հատվածն էր: Այդ մայրուղին ամենաերկարն է Չինաստանում: 

Այս օրերին չինացիները պատրաստվում են լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությանը, որը տեղի կունենա փետրվարի 10-ին, այդ պատճառով էլ ներկայումս ճանապարհներին երթեւեկությունը շատ ծսնրաբեռնված է: Լուսնային օրացույցի Նոր տարվա տոնակատարության պարտադիր բաղկացուցիչ է հրավառությունը: