Հնդկաստանում հերթական բռնաբարությունն է կատարվել. հյուրանոցի տիրոջ որդին բռնաբարել է Հարավային Կորեայից գնացած զբոսաշրջուհուն: Վերջին ժամանակներս Հնդկաստանի թերթերը հեղեղված են սեռական հանցագործությունների մասին լուրերով: Նշվում է, որ նախկինում  բազմաթիվ  դեպքեր լռության են մատնվել, սակայն Դելիում ուսանողուհու մահվանը հանգեցրած աղմկահարույց դեպքից հետո Հնդկաստանում սկսել են ակտիվ խոսել այդ մասին:

Ըստ The Times of India թերթի` զբոսաշրջուհին բռնաբարողի զոհ է դարձել Մադհյա Պրադեշ նահանգի արեւելքում գտնվող Բանդհավգարհ այգու հյուրանոցներից մեկում: Նա վախեցել է դիմել տեղի ոստիկանություն եւ գնացել է Մահարաշթրա նահանգի Աուրանգաբադ քաղաք, որտեղ էլ կապվել է Հարավային Կորեայի դեսպանատան հետ եւ պատմել կատարվածի մասին:

Ըստ ոստիկանության տվյալների` աղջիկը Բանդհավգարհում ծանոթացել է մի տղամարդու հետ, որը ներկայացել է որպես  հյուրանոցի տիրոջ որդի եւ մենեջեր: Երեկոյան  նա աղջկան գարեջուր է հյուրասիրել:  Աղջիկն ալկոհոլից հետո հոգնածություն եւ գլխապտույտ է զգացել, բարձրացել է իր համարը, փակել դուռը եւ պառկել քնելու:

Գիշերվա կեսին զբոսաշրջուհին արթնացել է այն պահին, երբ տղամարդն իրեն բռնաբարելիս է եղել: Ըստ տուժածի` ինքը կարողացել է  այլասերվածին դուրս հանել եւ փակել դուռը:

Հունվարի 31-ի առավոտյան Ութար Պրադեշ նահանգի Կամպուրե քաղաքում հինգ հարբած տղամարդ բռնաբարել են մի աղջկա  եւ դուրս նետել արագ սլացող Mahindra Bolero մեքենայից:

Այդ նույն օրը Հարյանա նահանգի Ռոհթակե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել էր 26-ամյա Սանժայ Կումարին, որի դեմ հայտ էր ներկայացրել նրա հարեւանուհին: Կինը պնդում էր, որ կասկածյալն իրեն բռնաբարել էր հունվարի 29-ի գիշերը:

Տուժածի ամուսինն այդ ժամանակ Փենջաբում է եղել: Հետաքննության շրջանակում  տուժածին բժշկական հետազոտման են ուղարկել, գրում է NEWSru.com-ը:

Վերջապես,  նույն Հարյանա նահանգի Կարնալ քաղաքում հունվարի 31-ին ձերբակալվել է սեփական հարսին բռնաբարելու մեջ կասկածվող մի տղամարդ: Այդ գործով հանցակից է նաեւ  կասկածյալի կինը, որը մասնակցել է  հանցագործության քողարկմանը եւ սպառնացել  զոհին:

Նյու Դելիի դաժան հանցագործությունը Հնդկաստանում հասարակական  լայն արձագանք էր ստացել եւ մայրաքաղաքում հանգեցրել զանգվածային բողոքի ցույցերի:  Ակարգությունների ընթացքում զոհվել էր 20 մարդ: