ԱՄՆ-ում հաջողվել է բարեհաջող կերպով իջեցնել ինքնաթիռը, չնայած որ անձնակազմի հրամանատարը կորցրել էր գիտակցությունը: Երկրորդ օդաչուն միայնակ իրականացրել է վայրէջքը:

Միջադեպը տեղի է ունեցել Alaska Airlines ավիաընկերության Լաս Վեգաս-Սիեթլ չվերթի ինքնաթիռի հետ: Boeing-737 ինքնաթիռում 116 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամ են եղել: Արտակարգ վայրէջքն ինքնաթիռը կատարել է Փորթլենդի օդանավակայանում, հաղորդում է Associated Press-ը:

Ընկերության ներկայացուցչի խոսքով, անձնակազմի հրամանատարը գիտակցությունը կորցրել է Օրեգոնի երկնքում: Որոշ ժամանակ անց նա ուշքի է եկել եւ նրան հանել են օդաչուների խցիկից: Ուղեւորների մեջ բժիշկ է եղել, ով օդաչուին առաջին բուըժօգնություն է ցույց տվել եւ ուղեկցել մինչեւ վայրէջքի պահը:

Թռիչքուղու վրա օդաչուին արդեն սպասել են բժիշկները, նրան տարել են հիվանդանոց, որտեղ որեւէ լուրջ հիվանդություն չեն հայտնաբերել:

Չվերթի ուղեւորներին Սիեթլ են ուղարկել մի քանի ժամ անց, երբ նոր օդաչու է ժամանել Փորթլենդ: Թեպետ ուղեւորներից 20-ը որոշել են վերջնակետ հասնել ավտոբուսով: