ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան 2012 թվականին Ղազախստանի նախագահությունը կազմակերպությունում բացառապես հաջող է գնահատել: Իր կարծիքը Նիկոլայ Բորդյուժան հայտնել է փետրվարի 1-ին կայացած Մոսկվա-Աստանա-Կիեւ-Մինսկ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ:.

Նրա խոսքով` անցյալ տարի կազմակերպությունը հաջողությամբ է զարգացել, մի շարք լուրջ որոշումներ են կայացվել, հիմնական ուշադրությունը հատկացվել է գործնական աշխատանքներին: Թմրանյութերի վաճառքի, անօրինական ներգաղթի, մարդկանց վաճառքի դեմ պայքարում մի շարք միջոցառումներ են իրականացվել, ամրացվել են ուժային հնարավորությունները: Նիկոլայ Բորդյուժան հիշեցրել է, որ դրանցից ամենախոշորը` ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխազդեցություն – 2012»-ն էր, որը անցկացվել է Հայաստանի տարածքում: Ինչպես նշել է Նիկոլայ Բորդյուժան` այդ գործողությունները եւս մեկ անգամ ցույց են տվել ԱԱՀՈւ բարձր մակարդակի պատրաստվածությունը:

ՀԱՊԿ շրջանակում համագործակցության մեկ այլ ուղղություն հանդիսանում է արտակարգ իրադրությունների բնագավառը:  «Դա գերակա ուղղություններից մեկն է»,- ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան` ավելացնելով, որ տվյալ բնագավառի համագործակցության շրջանակում նախատեսվել է կայանների կառուցում` բնական կամ տեխնածին աղետների դեպքում: