Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանն, այսօր` փետրվարի 1-ին, հանդիպել է Կովկասի եւ ՎՈՒԱՄ-ի հարցերով Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարայի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-Ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծել են, որ թեեւ Հայաստանի անկախացումից հետո՝ անցած քսան տարիների ընթացքում, միջպետական հարաբերություններում, տնտեսական համագործակցության ոլորտում նշանակալից տեղաշարժեր են արձանագրվել, փոխադարձ հետաքրքրությունները ավելի են մեծացել, բայց երկու երկրները փոխգործակցության դեռեւս մեծ ներուժ ունեն, ինչը պետք է կյանքի կոչել իրատեսական ու փոխշահավետ ծրագրերի իրականացմամբ:

Սամվել Ֆարմանյանը միջխորհրդարանական կապերի զարգացման առումով կարեւորել է խորհրդարանականների փոխայցերն ու համատեղ քննարկումները եւ Տակեշի Հիկիհարային խնդրել է Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններից հետո նոր կազմավորված Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին փոխանցել իր հրավերը՝ այցելելու Հայաստան եւ գումարելու բարեկամական խմբերի համատեղ նիստ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Լոռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը: Տակեշի Հիկիհարան հավաստիացրել է, որ Ճապոնիան շարունակում է պաշտպանել հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով, Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու մոտեցումը: Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշման համար:

ՀՀ-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն բացելու անհրաժեշտությանը, ինչը, նրա գնահատմամբ, ավելի կակտիվացնի երկկողմ հարաբերությունները: ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը, համաձայնելով ԱԺ պատգամավորի դիտարկմանը, տեղեկացրել է, որ այդ խնդիրն իր երկրի համար նույնպես կարեւոր նշանակություն ունի եւ դեռեւս քննարկման փուլում է:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: