Մեխիկոյի Pemex նավթագազային ընկերության վարչական շենքում պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի: Զոհերի թվի մասին նոր տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել է պետական ընկերության գլխավոր տնօրեն Էմիլիո Լոսոյան:

Նրա խոսքով` շենքում փրկարար աշխատանքները շարունակվում են առանց ընդհատումների: Այդ աշխատանքներում ներգրավված է 200-250 մարդ: Լոսոյան հստակեցրել է, որ պայթյունից վնասվել են շենքի 4 հարկերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ ըստ նախորդ տեղեկատվության, Մեքսիկայի պետական նավթային Pemex ընկերության շենքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել էր 25-ի: Մեքսիկայի ՆԳՆ-ի ղեկավար Միգել Անխել Օսորիո Չոնգընշել էր, որ զոհերի թվում 17  կին եւ 8 տղամարդ կա: Տուժածների թիվը, ըստ նախարարի, 101 է: Հիվանդանոցներում շարունակում է մնալ 46 վիրավոր, մնացածներին արդեն օգնություն է ցուցաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օսորիո Չոնգը նաեւ վստահեցրել է, որ շենքում մնացած մարդկանց փրկելու աշխատանքները կշարունակվեն մինչեւ բոլորին գտնելը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի երեկոյան փրկարարական աշխատանքները դադարեցվել էին շենքի փլուզման սպառնալիքի պատճառով: