Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կասկածի տակ է դնում ընտրությունների անցկացումը եւ կարող է խախտել անկայուն կովկասյան տարածաշրջանի կայունությունը: Այս մասին հիշյալ միջադեպի մասին իր հոդվածում գրել է Reuters գործակալությունը, մասնավորապես, ուշադրություն դարձնելով այն փաստի վրա, որ հենց այս տարածաշրջանն է Եվրոպային գազ եւ նավթ մատակարարում:

Անդրադառնալով ընտրությունների երկու շաբաթով հետաձգման հնարավորությանը, հեղինակը հիշեցնում է, որ թեկնածուի վրա հարձակումը մտավախություն է առաջացնում, որ կարող են կրկնվել 2008-ի հետընտրական զարգացումները, որի հետեւանքով զոհվել էր 10 մարդ:

Reuters-ն ընդգծում է, որ «անկայունության ցանկացած նշան Կովկասում ներդրողների մոտ անհանգստություն է առաջ բերում ու թեեւ Հայաստանը չունի սեփական խողովակաշար, նավթն ու գազը Եվրոպա են հասնում Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարերով, որոնց հարաբերությունները Հայաստանի հետ լարված են»: