ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը Ջոն Քերրիին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակման լսումների ժամանակ ամերիհայերին հուզող խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, տեղակցնում է  «Asbarez»-ը` վկայակոչելով Ամերիկայի հայ ազգային կոմիտեին/ ANCA/:

«Սենատոր Ջոն Քերրիի պատասխանները ցավոք արտացոլում են նախագահ Օբամայի սեփական նահանջը, ով նույնպես խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Անկարայի ճնշման տակ հրաժարվեց իր նախընտրական խոստումներից»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, Ջոն Քերրին ասել է. «ԱՄՆ պետդեպարտամենտը հստակ ընդունում է պատմական փաստը եւ  ցավում է, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: ԱՄՆ նախագահն ամեն տարի ապրիլի 24-ին հարգում է այդ զոհերի հիշատակը»,-նշել է նա:

Քերրին  նաեւ հայտարարել է, որ «ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում իմ պարտականությունը կլինի հավատարմորեն ներկայացնել նախագահի եւ վարչակազմի քաղաքականությունը»:

Նա նաեւ ասել է, որ «պաշտոնում հաստատվելու դեպքում կշարունակի աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»: Ըստ նրա`  Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակով քաջալերում է Թուրքիային` վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ, բացել սահմանը:

Ի պատասխան Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ  հայ - թուրքական արձանագրությունների հետ կապված Թուրքիայի միջազգային պարտավորությունների կատարման ուղղությամբ  քայլերը նախանշելու մասին հարցին, Քերրին ասել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ այդ երկների հետ տարվող բանակցությունների կարեւոր առանձնահատկություն: «Քլինթոնը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հետեւողականորեն բարձրացնել են արձանագրությունների հարցը Թուրքիայի ղեկավարության առջեւ,  եւ ես էլ երաշխավորում եմ, որ իմ պաշտոնավարման  ընթացքում Պետդեպարտամենտը կշարունակի այդ քաղաքականությունը»,-ասել է նա: