ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը Ջոն Քերիին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակման լսումների ժամանակ ամերիկահայերին հուզող խնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, տեղակցնում է «Asbarez»-ը` վկայակոչելով Ամերիկայի հայ ազգային կոմիտեին (ANCA):
Պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգները ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Ալիեւի վրա` Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ որոշումը վերանայելու եւ նրան կրկին բանտ ուղարկելու համար, Քերին ասել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու լուրն իմանալուց անմիջապես հետո, Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը: Բացի այդ, Սպիտակ տունն ու Պետքարտուղարությունը եւս խիստ հայտարարություններ են արել»:
Նա նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը կշարունակի աջակցել կողմերին` խաղաղ կարգավորման հասնելու հարցում, եւ Միացյալ Նահանգները դատապարտում է ցանկացած գործողություն, որը տարածաշրջանում լարվածություն է առաջացնում կամ սպառնում վնաս հասցնել խաղաղ կարգավորման գործընթացին: «Հաստատվելու դեպքում, ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ` կողմերին օգնելու համար հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,-հայտտարարել է Քերին:
Սենատորները փորձել են ճշտել նաեւ Քերիի դիրքորոշումը` Լեռնային Ղարաբաղի նոր օդանավակայանից թռչող ինքնաթիռները ռմբակոծելու Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ. «Միացյալ Նահանգները կարծում է, որ կողմերն այդ վտանգավոր իրավիճակը պետք է կարգավորեն դիվանագիտական եղանակով: Վարչակազմը վճռականորեն դեմ է հանդես գալիս ցանկացած քայլի, որը սրում է լարվածությունը տարածաշրջանում կամ սպառնում վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»:





























