Չինաստանում վերջին երկու օրում ավտոբուսների մասնակցությամբ երրորդ վթարն է տեղի ունեցել. այն ընկել է ձորը, որի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 21 մարդ: Ընդհանուր առմամբ, երկու օրում նման վթարների զոհերի թիվը հասել է 30-ի, տուժածներինը՝ 60-ի:
«Սինհուա» գործակալության տվյալներով՝ փետրվարի 2-ի առավոտյան ավտոբուսը Գույչժոու նահանգի Ցունցզյանի շրջանում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ավելի քան 100 մետր բարձրությունից ընկել ձորը: Հինգ մարդ տեղում է մահացել, եւս 8-ը՝ հիվանդանոց ճանապարհին: Վիրավորներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, որոնցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Չինաստանու խոշոր ավտոպատահար էր տեղի ունեցել. ուղեւորատար ավտոբուսն ընկել էր ձորը: Դեպքը կատարվել էր Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գանսու նահանգի Ցինյան քաղաքից քիչ հեռու: Զոհվել էր 8, վիրավորվել՝ 32 մարդ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ այս օրերին միլիոնավոր չինացիներ տուն են վերադառնում` լուսնային օրացույցով Նոր տարին (Գարնան տոն, կամ Չունցզե, որն այս տարի նշվում է 2013թ. փետրվարի 10-ին) ընտանիքում նշելու համար: Այդ ժամանակահատվածում խիստ մեծանում է ավտոճանապարհային պատահարների թիվը:





























