Լեռնային Ղարաբաղին օդանավակայան է պետք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ կառավարությանը կից քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:

Անդրադառնալով «Ստեփանակերտ» օդանավակայանի գործարկման տնտեսական ասպեկտին, նա նշեց, որ ճանապարհը, որով մինչ օրս իրականացվում են բեռնափոխադրումներն ու ողեւորափոխադրումները, բավական բարդ ու երկար է, բացակայում են հատուկ «գրպանները»` արտակարգ արգելակման համար:  

ԼՂՀ ՔԱՎ պետը հիշեցրեց, որ խորհրդային շրջանում, Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից ամեն օր շուրջ 100 չվերթ է իրականացվել Հայաստանի տարբեր շրջաններ: Նրա խոսքով` Հայաստանի եւ Ղարաբաղի ռելիեֆի պայմաններում օդային ճանապարհով ուղեւորափոխադրումներն ավելի անվտանգ եւ էժան են: «Բացի այդ, կան նաեւ անշարժ հիվանդներ, ի՞նչ է նրանք իրենց կյանքը վտանգելով պետք է ցնցվե՞ն ճանապարհին»,-ասաց Ադբաշյանը, հիշեցնելով, որ ձմռանը ձյան եւ մերկասառույցի պայմաններում ճանապարհները կրկնակի վտանգավոր, իսկ երբեմն էլ անանցանելի են դառնում:

«Տնտեսական առումով ավիացիան ընդհանրապես անփոխարինելի է: Չկա ավիացիա` չկա տնտեսություն»,-հայտարարեց Քաղավիացիայի վարչության պետը:

Ստեփանակերտ օդանավակայանի հարցը շարունակում է թիվ մեկ հարցը մնալ Ադրբեջանում: Այդ երկրի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս Ստեփանակերտ թռչող օդանավերին հարվածելու սպառնալիքներով: