Միջազգային օրենսդրությունն արգելում է կործանել քաղաքացիական օդանավերը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր  Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:

Մեկնաբանելով այն, որ Ադրբեջանը հայկական ինքնաթիռները կործանելու իր սպառնալիքները «բացատրելու» համար պարբերաբար վկայակոչում է Չիկագոյի կոնվենցիան, Դմիտրի Աթբաշյանը նկատել է, որ տվյալ փաստաթղթում «օդանավերը կործանելու իրավունքի» մասին ոչ մի խոսք չկա: «Երկիրն իրավունք ունի օդանավը հարկադիր վայրէջքի ենթարկել հիմնավորված վտանգի դեպքում, այն դեպքում, եթե իր օդային տարածքով արգելված բեռներ են տեղափոխվում: Սակայն ոչ մի դեպքում խոսք չկա քաղաքացիական օդանավերին հարվածելու մասին», - հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը:

Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի վերսկսման հեռանկարը հիստերիկ արձագանք է հարուցում Ադրբեջանում:  Այնտեղից պարբերաբար սպառնալիքներ են հնչում: Վերջերս Ադրբեջանի կառավարությունը որոշում էր կայացրել այդ սպառնալիքներն օրինականացնելու մասին:

Երեւան այցի շրջանակում, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, Նիկոլայ Բորդյուժան կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի կողմից հայկական օդանավերը կործանելու սպառնալիքի մասին տեղեկությունը կամ  անհաջող մեկնաբանություն է, կամ` անհաջող կատակ: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել էր, որ Ադրբեջանը համարում է քաղաքակիրթ պետություն, որտեղ նման որոշումներ չեն կարող կայացվել:

Պատասխանելով այդ հայտարարությանը` Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը փետրվարի 4-ին «հստակեցրել էր», որ ԱՀ-ի իշխանությունները չեն պատրաստվում կործանել քաղաքացիական օդանավերը: